ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, հայտնում է ՀՀ ԱԺ-ն։
Հանդիպման ընթացքում հանգամանալից խոսելով Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը:
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Սիրիայի միջև բարեկամական հարաբերությունները և ընդգծել հայ համայնքի դերը Սիրիայի մշակութային, տնտեսական և այլ ոլորտների զարգացման հարցում:
«Սիրիան հայերին համարում է իր պետության, հասարակության և արժեհամակարգի մի մասը: Հայաստանի խնդիրները մեզ համար օտար չեն, և մենք կանգնած ենք Հայաստանի կողքին՝ խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում»,- ասել է Բաշար ալ-Ասադը: