«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ավագանու անդամի մանդատը վայր դնելու մասին։
«Հայտարարել էի, որ Երևանի ավագանու անդամի մանդատ չեմ վերցնելու, ուստի հրաժարվում եմ իմ մանդատից։ Խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը։ Մեր 12 անդամներն իրենց ակտիվ մասնակցությամբ երևանցիների քվեն կարդարացնեն»,- ընդգծել է նա։
Թևանյանը հույս է հայտնել, որ այն քաղաքացիները, որոնք իրենց ձայն չեն տվել կամ չեն մասնակցել ընտրություններին, ի դեմս «Մայր Հայաստան» խմբակցության կտեսնեն իրենց պաշտպաններին, իրենց թիմակիցներին և խնդիրները բարձրաձայնողներին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Անդրանիկ Թևանյանը վայր կդնի ավագանու մանդատը։
Հոկտեմբերի 10-ին ավագանու ընտրություններից հետո առաջին նիստում Երևանի ավագանին ձայներով քաղաքապետ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին, որը դարձավ նիստին ներկա կուսակցությունների կողմից առաջադրված քաղաքապետի միակ թեկնածուն։
«Ազգային առաջընթացը» հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ չի մասնակցի նոր ավագանու նիստին՝ այսպիսով՝ գնալով նոր ընտրությունների։ «Մայր Հայաստան» խմբակացությունը նույնպես տեղեկացրել էր, որ ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին։ Իսկ «Հանրային ձայն»-ը հայտարարել էր, որ չի գնա նոր ընտրությունների և կմասնակցի ավագանու նիստին։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը՝ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։