Բաքուն հայտարարել է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հրաժարվելու մասին՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի նոյեմբերի 15-ի հայտարարության պատճառով:
«Նման պայմաններում Բաքուն հնարավոր չի համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով ԱՄՆ Կոնգրեսի լսումներին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունն աշխատում են Հայաստանի հետ մերձեցման, ինչպես նաև երկրին անվտանգության ապահովման ուղղությամբ։
Նա հիշեցրել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ հանդիպում կազմակերպելու մտադրության մասին՝ «Հայաստանը մեր համայնքներին ավելի մոտեցնելու նպատակով»։