Արարատի մարզի Եղեգնավան և Լուսառատ գյուղերի տարածքներում՝ Արաքս գետի ավազանում, ՍՊ ընկերության տնօրենի կողմից ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզվել են, հայտնում են Քննչական կոմիտեից։
Կոմիտեից հաղորդում են, որ դեպքն արձանագրվել է 2020թ. դեկտեմբերի 21-ին՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված չափագրման արդյունքում։
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության տնօրենը, 2020թ․ դեկտեմբերի 21-ից մինչև 2022թ․ օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում, չունենալով իրավունք, որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի տեղամասում շեղվել է 2012թ․ տրամադրված, ապա 2014թ․ փոփոխությունների ենթարկված թույլտվությամբ նախատեսված կոորդինատներից և դուրս եկել լեռնահատկացման ակտով տրամադրված սահմաններից։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասով և 381-րդ հոդվածի 1-ին մասով (Հողը փչացնելը, ընդերքի պահպանման կամ օգտագործման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջը խախտելը, որը խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել): Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ 6․500․000 ՀՀ դրամի չափով, վերականգնվել է։
Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։