Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է հայկական համայնքի երեք ներկայացուցիչների, ովքեր պաշտպանում էին հայկական թաղամասը Xana Capital-ի ներկայացուցիչներից, ովքեր հավակնում են «Կովերի պարտեզ» կալվածքին, հաղորդում է X-ի թաղամասը փրկելու շարժումը:
«Իսրայելական ոստիկանությունը, առանց հավանական պատճառի, ձերբակալել է Երուսաղեմի երեք հայ բնակիչների, այդ թվում՝ 17-ամյա անչափահասի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Շարժումը նշել է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Xana Capital-ի ներկայացուցիչ Ջորջ Ուորվարի կողմից ուղարկված իսրայելցի վերաբնակիչները մեքենաներով և մոտոցիկլետներով մտել են «Կովերի պարտեզ», որից հետո նրանց շրջապատել են տեղի հայերը։ Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու Իսրայելի պաշտպանության բանակը։
«Իսրայելական ոստիկանությունը վերաբնակիչներին թույլ է տվել շարունակել իրենց գործը, որի նպատակն է տիրանալ հայկական գույքին»,- գրել է շարժումը՝ նշելով, որ հայերը «մարդկային վահան» են կազմել՝ կոչ անելով հեռանալ տարածքից։ Արդյունքում՝ երկու չափահաս 15 օր չհեռանալու մասին ծանուցում են ստացել, նրանց արգելելվել է գտնվել «Կովերի պարտեզից» 50 մետր շառավղով։
Իսրայելցի փաստաբան Դանիել Սայդեմանը մեկնաբանել է միջադեպը և ոստիկանության գործողություններն անվանել «կառավարական նախագիծ»։ Ըստ Սայդեմանի, ՀԱԵ-ի Երուսաղեմի պատրիարքարանի անվտանգության ուժերը պահանջել են այդ հողերի սեփականության ապացույցը:
Նոյեմբերի 8-ին Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Յակոբ Ճռնազեանը հայտնել էր, որ Երուսաղեմի հայկական թաղամասի պահպանման համար դատական պայքար է ընթանում, կարող են դիմել նաև ՄԻԵԴ։
Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել էր, որ պատրիարքությունը նամակ է ուղարկել «Xana Gardens Ltd»-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։ Գոգչյանը տեղեկացրել էր նաև, որ նամակին պատասխան տալու փոխարեն երկրորդ կողմն սկսել էր կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել:
Ճռնազեանը 2023 թվականի հունիսի 21-ին BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին շքեղության զարգացման համար» փոխանցելու մասին։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրխան Մանուկյանը, ըստ հրապարակման, ընդունել էր, որ հողի վարձակալության պայմանագիր է կնքել, սակայն ասել էր, որ դարձել է իր ենթակայի՝ տեղի հայկական եկեղեցու քահանա Խաչիկ Երիցյանի խաբեության զոհը, ով ավելի ուշ հեռացվել էր: