Երևանը քննարկում է ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկը, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան, «Интерфакс»-ին ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
Դեսպանը նշել է, որ տարբեր առաջարկներ, քննարկումներ կան, բայց կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան, քանի որ աշխատանքային գրաֆիկի հետ կապված դժվարություններ են առաջանում:
Նա հավելել է, որ հայկական կողմը ոչ մի առաջարկից չի հրաժարվում:
Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն վերահաստատել էր Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը՝ ավելացնելով, որ հստակ ամսաթիվ դեռ չկա:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի 25-ին հայտարարել էր Մոսկվայի կողմից Երևանի և Բաքվի հետ շփումները շարունակելու մասին։ Նա հայտնել էր, որ խաղաղ գործընթացին Մոսկվայի աջակցության վերաբերյալ դեռ փոխըմբռնում չկա։ Նոյեմբերի 2-ին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր մոտ ժամանակներս Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին: Միևնույն ժամանակ՝ Զախարովան նշել էր, որ կարգավորման «ճանապարհային քարտեզը» շարունակում են մնալ եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ստորագրվել են 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից: