ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարել էր, որ իր կնոջը պատկանող ընկերությունն ավազի ապօրինի արդյունահանում չի իրականացրել, գրում է «Հետք»-ը։
Ըստ պատգամավորի, Ռանչպար գյուղում հող են վարձակալել, որպեսզի այգի հիմնեն, սակայն, տեսնելով ավազը, որոշել են հողը մաքրել ավազից, իսկ վաճառված ավազից ստացած միջոցները պետք է ներդնեն այգի հիմնելու ծրագրում։ Իր բնորոշմամբ` թափոն համարվող ավազ տեղափոխելը հանքարդյունահանում չէ, ավելին` իրենք կարող էին մինչև 2 մետր խորությամբ ընդերքից նյութ հանել և տեղափոխել, որն օրինական է։ Այս պնդումները կարող էին ճիշտ լինել, եթե չլինեին դրանք հերքող մի շարք փաստեր։
«2022 թ.-ի դեկտեմբերին Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ի տնօրենը դիմել է Շրջակա միջավայրի նախարարին՝ խնդրելով նշանակել փորձաքննություն վտանգավոր թափոնների օգտահանման լիցենզիա ստանալու համար։ 2023 թ.-ի ապրիլին ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ՍՊԸ-ի տնօրենին գրավոր հայտնել է, որ այն թափոնները, որոնք ցանկանում են տեղափոխել, ներառված չեն «վտանգավոր թափոնների ցանկում»։ Այսինքն, ավազը չի համարվում վտանգավոր թափոն, որը տեղափոխելու համար պետք է թույլտվություն ստանային։ Երրորդ գրությունը, որ մեզ տրամադրել է պատգամավորը, «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենի նամակն է, որով ՍՊԸ-ի տնօրենին 2023 թ.-ի հունիսին հայտնում են, որ Ռանչպար գյուղի այդ տարածքում ընդերքօգտագործման իրավունք չկա, իսկ տարածքը օգտակար հանածոների հանքավայրերի պետական կադաստրում որպես հանքավայր չի հաշվառվում։ Այս նամակն էլ ստացվել է այն ժամանակ, երբ տարածքից մի քանի ամիս արդեն ավազ են արդյունահանել»,- գրում է լրատվամիջոցը։
Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում, հանքարդյունահանողն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։