ՀՀ Ազգային ժողովը պատրաստակամություն է հայտնել ապահովելու Ադրբեջանի պատգամավորների անվտանգությունը Երևանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ խորհրդաժողովում, բայց նրանք չեն եկել, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«Երեկ ՌԴ պատվիրակությունն է դիմել խորհրդարանական վեհաժողովի նախագահին և հայտնել, որ չեն մասնակցելու։ ՀՀ ԱԺ-ն չէ, որ երկրների խորհրդարաններին հրավերներ է ուղարկում, դրանով զբաղվում է միջազգային քարտուղարությունը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, ապա նրանք մի քանի անգամ անվտանգության հարց են բարձրացրել, ՀՀ-ն էլ հայտարարել է, որ պատրաստ է ապահովել նրանց անվտանգությունը, սակայն, ինչպես տեսնում եք, նրանք չեն մասնակցել: Դա արդեն նրանց խնդիրն է: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա տեղեկություններ չունենք»,- ասել է Խանդանյանը:
Նա հավելել է, որ թեմատիկ քննարկումների ժամանակ անդրադարձ կկատարվի ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին։
Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել էր, որ Ռուսաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից ԵԱՀԿ աշնանային նստաշրջանին գրանցված պատգամավորներ չկան։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը կանցկացվի Երևանում՝ նոյեմբերի 18-20-ը։ Հայաստանը հյուրընկալել է կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 350 պատգամավորներին։
Մանրամասները՝ տեսանյութում։