Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից նոյեմբերի 17-ի որոշումը, որը կայացվեց Հայաստանի միջնորդությամբ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում։
ՀՀ ԱԳՆ գնահատմամբ՝ որոշումը նշանակալից է, քանի որ Դատարանի պատմության ընթացքում մեկ դատական վարույթի շրջանակներում որևէ այլ պետության նկատմամբ այս քանակի ժամանակավոր միջոցներ երբևէ չեն կիրառվել։ Դա Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում էթնիկ հայերի իրավունքներին անդառնալի վնաս պատճառելու շարունակական վտանգի առկայության ցուցիչ է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի որդեգրած վարքագծով։
Գերատեսչության փոխանցմամբ՝ Դատարանի այս որոշումը, ինչպես և նախորդ որոշումները, ստեղծում են իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ համաձայն միջազգային իրավունքի։
Ավելի վաղ Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանի բնակիչների անվտանգ վերադարձը։ Դատարանը Բաքվի նկատմամբ միջանկյալ միջոցներ է կիրառել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով։