Երևանի կենտրոնում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ուղղված Հայաստանի մայրաքաղաքում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նստաշրջանի մասնակիցներին։
Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովի խոսքով, ակցիայի նպատակը «ԵԱՀԿ ԽՎ նիստի մասնակիցներին Երևանի և Բաքվի բանտերում քաղբանտարկյալների մասին տեղեկացնելն էր»։
Ակցիայի մասնակիցները հավաքվել էին Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի և Բաքվի բանտերում պահվող քաղբանտարկյալների լուսանկարներով։
«Ակցիայի նպատակն է տեղեկացնել, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որոնք կալանքի տակ են միայն այն պատճառով, որ պաշտպանում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասել է Շարմազանովը։
Նա ընդգծել է, որ «միաժամանակ Եվրոպան լռում է, երբ Բաքվի բանտերում են մեր արցախցի եղբայրները, Արցախի նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, գեներալներ»։ Նրա խոսքով՝ այս ամենը տեղի է ունենում ԵԱՀԿ-ի լուռ համաձայնությամբ։ «Մենք այստեղ ենք, որպեսզի ցույց տանք, որ մեր եղբայրներն ու քույրերը կալանքի տակ են և՛ Երևանում, և՛ Բաքվում»,- ասել է ՀՀԿ ներկայացուցիչը։
ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանն իր հերթին ասել է, որ Հայաստանում ներկայումս քաղբանտարկյալի կարգավիճակ ունի 50 քաղաքացի։
Ակցիայի ավարտին Շարմազանովն ասել է, որ ակցիայի նախաձեռնողները հանդիպել են եվրոպացի մի շարք գործընկերների հետ։ «Խոստացել են, որ շատերն իրենց մայրաքաղաքներին կտեղեկացնեն այլընտրանքային կարծիքների և իրական Հայաստանում տիրող իրավիճակի մասին»,- ասել է ՀՀԿ ներկայացուցիչը։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները ժամանել էին Հանրապետության հրապարակ, որտեղ Ազգային պատկերասրահի շենքում նրանց համար ընթրիք էր մատուցվելու։ Ակցիայի մասնակիցները նրանց դիմավորել էին «shame on you» (ամոթ) վանկարկումներով։
Ակցիայի ընթացքում ելույթներով հանդես էին եկել նաև Նաիրա Զոհրաբյանը, Ռուբեն Մելիքյանը և արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։