ՀՀ-ն անթույլատրելի է համարում կրոնական ցանկացած կառույցի նկատմամբ ոտնձգությունը, հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքին։
«Ինչպես նախկինում շեշտել ենք, ՀՀ-ն անթույլատրելի է համարում կրոնական ցանկացած կառույցի նկատմամբ ոտնձգությունը և ի մասնավորի Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի որևէ դրսևորում, անհարգալից ցանկացած գործողություն։ Անհանդուրժողականության կամ դրա հրահրման այսպիսի դեպքերն անընդունելի են, և ՀՀ իրավասու մարմինների կողմից արդեն իսկ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մենք կտրականապես մերժում ենք միջադեպի, թեմայի ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով: Հայաստանում հակասեմականությունը և ազգային կամ կրոնական հիմքով անհանդուրժողականությունը տեղ չունի»,- նշել է նա։
Նոյեմբերի 17-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևանում հրեական կրոնական հաստատության դռները օտարերկրացու կողմից հրկիզվել և տեսանկարահանվել է առերևույթ ազգային, կրոնական թշնամանք հարուցելու նպատակով, նախաձեռնվել է քրեական վարույթ։