ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լեռնային Ղարաբաղին առնչվող որոշումը վերահաստատում և ուժեղացնում է Ֆրանսիայի դիրքորոշումը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Գործը քննելով ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա՝ դատարանը պահանջել է, որ Ադրբեջանն ապահովի սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ն լքած անձանց անվտանգությունը, նրանց վերադարձը ԼՂ։ Այս որոշումը վերահաստատում է այն դիրքորոշումը, որը Ֆրանսիան հետևողականորեն որդեգրել է՝ այս առիթով հիշեցնելով միջազգային դատարանին իր անփոփոխ աջակցության և որոշումների պարտադիր բնույթի մասին»,- ընդգծել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում։
Ավելի ուշ Փարիզի այս հայտարարությունը Բաքվի ԱԳՆ-ն «անտեղի և անընդունելի» է որակել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Բաքուն Ֆրանսիային «երկակի ստանդարտների և Ադրբեջանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի» մեջ է մեղադրել։
Նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանի բնակիչների անվտանգ վերադարձը։ Դատարանը Բաքվի նկատմամբ միջանկյալ միջոցներ է կիրառել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։