Ստամբուլում 2007 թվականի հունվարի 19-ին հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին նոր մեղադրանք է առաջադրվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Սամասթը մեղադրվում է «զինված ահաբեկչական կազմակերպության համար հանցագործություն կատարելու» մեջ և նրան 7 տու կես տարուց մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում է սպասվում։
Սամասթը պայմանական ազատ էր արձակվել՝ կալանավայրում լավ վարք դրսևորելու համար: Դեպքը տեղի էր ունեցել, երբ նա 17 տարեկան էր։ Նա ձերբակալվել էր սպանության հաջորդ օրը՝ հունվարի 20-ին, Սամսունի ավտոկայանում։ Սամասթը բանտում էր անցկացրել 16 տարի 10 ամիս, նրա պատժաչափը կրճատվել էր մեկ տարի առաջ՝ լավ պահվածքի համար։