Նոյեմբերի 17-ին Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով «Արմենիա» ՀԲԿ-ից և «Այրվածքների Կենտրոն»-ից ստացված տեղեկանքների համաձայն՝ բուժօգնության տեղափոխված, ԵՊՀ աշխատակից հանդիսացող երկու տուժածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր, նրանք ի վիճակի չեն մասնակցելու որևէ վարութային և ապացուցողական գործողության, հայտնում է Քննչական կոմիտեն։
Գերատեսչության տվյալներով՝ ոստիկանության՝ ծխահարված ծառայողը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն։ Պարզվել է, որ պայթյունի օջախ է հանդիսացել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում գտնվող, ներկայում որպես սպասարկման ոլորտի աշխատակիցների հանդերձարան ծառայող տարածքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են այրված հագուստներ, արնանման նյութի և մոխրացած հետքերից նմուշներ։ Առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։
Բացի այդ, նշանակվել է դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատապայթյունատեխնոլոգիական, դատանյութագիտական, դատահրդեհատեխնիկական, դատաճարտարագիտատեխնիկական, դատաէլեկտրատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական հանձնաժողովային համալիր փորձաքննություն:
Նոյեմբերի 17-ին, ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն Armenia Today-ին հաստատել էր լուրը, որ ԵՊՀ-ում հրդեհ է բռնկվել։ Նա հայտնել էր, որ դեպքը տեղի էր ունեցել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ էր ներկայացրել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում տեղի ունեցած պայթյունից, որի հետևանքով կա զոհ և տուժածներ։ Մահացածը նշված ուսումնական հաստատության 73-ամյա աշխատակից Ժ․Խ․-ն էր, դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ 70 և 66 տարեկան, որոնք ևս հանդիսանում են ԵՊՀ աշխատակիցներ, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էին տեղափոխվել «Այրվածքների կենտրոն» ՓԲԸ։
Ինչպես մահացած, այնպես էլ բուժօգնության դիմած անձինք քրեական վարույթով ճանաչվել էին տուժող։