Քաղաքական իշխանությունները քննարկել են Դավիթ Խաչատուրյանի փոխարեն ԲԴԽ տանել արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը:
Նշվում է, որ վերջնական որոշում այս մասին դեռևս չկա: Ավելի ուշ քննարկվել է փաստաբաններից մեկի թեկնածությունը, որը եւս վերջնական չէ։
ԲԴԽ-ն պաշտոնապես դադարեցրեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանի լիազորությունները։
Հոկտեմբերի 25-ին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իսկ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:
Բարձրագույն դատական խորհուրդը քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Արդեն կար ներքին որոշում ընտրել Դավիթ Խաչատուրյանին։