Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու և այլ գործնական միջոցներ տրամադրելու մասին որոշման նախագծի աշխատանքները շարունակվում են, հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։
Կազմակերպությունից տեղեկացնում են, որ Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախօրեին հայկական կողմն առաջարկել է հետ կանչել նախագիծը քննարկումից։
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան (2022) նստաշրջանի որոշումների կատարման և Բելառուսի նախագահության ընթացքում կազմակերպության գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման գործողությունների ծրագրին համապատասխան՝ երկու փաստաթուղթ՝ կապված Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հետ, մինչ այժմ մշակվում է։
Խոսքը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագծի և կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարության մասին է` ի աջակցություն այս տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հայտնել էր իրենց օրակարգից Հայաստանին օգնելու մասին փաստաթուղթը հանելու ՀՀ խնդրանքի մասին։
Նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցում ՀՀ վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի մասնակցի նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին։ Լուկաշենկոն Մինսկի ՀԱՊԿ գագաթնաժողովից հրաժարված Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել «հապճեպ որոշումներ չընդունել»։