Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի՝ բնապահպանական և կայուն զարգացման ծրագրերի համար, հաղորդում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
«Ծրագիրը կաջակցի Հայաստանի երկարաժամկետ զարգացման հավակնություններին և ազգային ծրագրերին՝ օգնելով նրան հասնել կայուն զարգացման բազմաթիվ նպատակների»,- ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Աբդուլհամիդ Ալխալիֆան։
Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի հետ համատեղ, որը տրամադրել է 92,3 մլն եվրոյի (100 մլն դոլար) զուգահեռ վարկ, նշել են հիմնադրամից։ Հատկացված միջոցները կօգտագործվեն կլիմայի փոփոխությանը մեղմելու և հարմարվելու, շրջակա միջավայրի կառավարման և էներգաարդյունավետության բարելավման համար, ասվում է հայտարարության մեջ։
Հիմնադրամը նշել է, որ առաջարկվող ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների հնգամյա ծրագրին և ներառում է ներդրումների կառավարման համակարգի բարեփոխում, արդարադատության համակարգի վերանայում, բնապահպանական օրենսդրության և սոցիալական աջակցության, ինչպես նաև ուսումնական պլանի արդիականացում։
Նոյեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվել էր OPEC հիմնադրամի հետ վարկային համաձայնագիրը։