Կաշառք ստանալու կասկածանքով սոցապնախարարության պաշտոնյաներ են ձերբակալվել, տեղեկանում ենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Տ. Կ.-ն և նույն ծառայության նշանակման վարչության բաժիններից մեկի պետ Հ. Ս.-ն, իրենց լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի օգտին գործողություն կատարելու համար, ավագ սոցիալական աշխատող Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ, բազմաթիվ նպաստառուներից պարբերաբար տարբեր չափերի կաշառք են ստացել:
Ի թիվս այլ փաստական տվյալների, հայտնում են, որ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին Լ. Մ.-ն Արարատի մարզի բնակչին տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստացողների ցուցակում ընդգրկելու հարցը կարգավորելու դիմաց նրա ամուսնուց որպես կաշառք պահանջել և ստացել է 300.000 ՀՀ դրամ, որից 200.000 ՀՀ դրամը փոխանցել է բաժնի պետ Հ. Ս.-ին:
Հայտնում են, որ նպաստառուներից կաշառք ստացած Տ. Կ.-ն, Հ. Ս.-ն և Լ.Մ.-ն, վերջիններիս կաշառք տված 5 անձինք և կաշառքի միջնորդություն կատարած Է. Խ.-ն ձերբակալվել են:
Նրանց մեղադրանքներ են ներկայացվել կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության համար: ՀՀ 435 հոդվածի համաձայն՝ կաշառք ստանալու առավելագույն պատիժը 12 տարի, կաշառք տալու պատիժը՝ առավելագույնը 7 տարի, իսկ կաշառքի միջնորդության առավելագույն պատիժը 5 տարվա ազատազրկումն է։