Ֆրանսիան վաճառեց Երևանին իրական չօգտագործվող գույքը, որոնք Փարիզը չկարողացավ վաճառել այլ ուղղություններով, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Փարիզի կողմից Երևանին «Բաստիոն» զրահափոխադրիչներ մատակարարելու մասին հայտարարությունն այսպես է մեկնաբանել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ֆրանսիական «Բաստիոն» զրահափոխադրիչներ Հայաստանին մատակարարելու առավելությունների մասին խոսակցությունները միամիտ են թվում։ Նրանք արդեն իսկ ցույց են տվել իրենց շատ ցածր արդյունավետությունն իրական մարտական պայմաններում»,-ընդգծել է Զախարովան։
Ռուս դիվանագետի համար առեղծված է մնում, թե այս գնումն ինչպես կարող է ամրապնդել Հայաստանի ինքնիշխան տարածքի անվտանգությունը։
«Տարբեր ճյուղերի ռազմական տեխնիկայի նման կուտակումը երբեք չի նպաստել պաշտպանունակության բարձրացմանը»,-ասում է Զախարովան:
Նոյեմբերի 15-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Ֆրանսիայի հետ Հայաստանի համագործակցության թեմաներից մեկը Երևանի կողմից հենց «Բաստիոն» զրահատեխնիկայի ձեռքբերումն էր։
Հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք ռադիոլոկացիոն կայան․ Երևանն ու Փարիզը պայմանավորվել էին նաև զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման շուրջ։ Նոյեմբերի 13-ին մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Ֆրանսիան ռազմական օգնության շրջանակում Հայաստանին է մատակարարել «Bastion» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայի խմբաքանակ։
Մանրամասները՝ տեսանյութում։