Ղարաբաղում բնակարանները, մշակութային հուշարձանները պահպանվում են հատուկջոկատայինների կողմից, տեղահանվածների տները կապարակնքվել են, որպեսզի ոչ ոք չմտնի, հայտարարել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (CAIR) խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Արդարադատության միջազգային դատարանի որոշման որոշակի մասը վերաբերում է այս հարցին։ Սա Ադրբեջանի պարտավորությունն է։ Դժվար է ասել, թե ֆիզիկապես ինչպես կանցնեն գործընթացները։ Կարծում եմ, ինչպես արդեն հայտարարել է Ադրբեջանի կառավարությունը, բոլորին, ովքեր ցանկանում են վերադառնալ, ժամանակ կտրվի»,- նշել է նա։
Ադրբեջանցի պաշտոնյան բացատրել է, որ նրանք, ովքեր ցանկանում են վերջնականապես վերադառնալ, կվերադառնան, կամ եթե ինչ-որ մեկն ուզում է գալ և վերցնել իրերը, ապա, ամենայն հավանականությամբ, նրան նման հնարավորություն կտրվի։ «Այսինքն՝ Ադրբեջանը կկատարի դատարանի որոշումը, ԱԳՆ-ն արդեն հայտարարություն է տարածել այս հարցի վերաբերյալ»,- նշել է Շաֆիևը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Արցախից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100․632 մարդ։