Տեսակոնֆերանսի ձևաչափով նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության ու սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովների արտահերթ համատեղ նիստը, որի աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը, հայտնում է ՀՀ ԱԺ-ն։
«Օրակարգային` ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հայտարարությունները՝ կապված Կանադայի խորհրդարանում ««Գալիսիայի» ՍՍ դիվիզիայի նացիստին արդարացնելու և խրախուսելու փորձի հետ» հարցին հայ խորհրդարանականները դեմ են արտահայտվել: Արմեն խաչատրյանը պարզաբանել է, որ Կանադայի խորհրդարանի խոսնակը, ընդունելով իր սխալը, ներողություն է խնդրել և հրաժարական տվել: Կանադայի խորհրդարանը վերահաստատել է իր քննադատությունը՝ նացիզմի և դրա հետ կապվող դրսևորումներին: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ Կանադան Հայաստանին բարեկամ երկիր է և տարածաշրջանում միակ դեսպանությունն այստեղ է բացել: Նա նաև հավելել է, որ Կանադան համարժեք է արձագանքել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հայ խորհրդարանականները նացիզմն ու ազգայնամոլությունը դատապարտող նախագիծ են առաջարկել, որը կքննարկվի ՀԱՊԿ ԽՎ համապատասխան հանձնաժողովում:
Օրակարգի երկրորդ՝ «ՀԱՊԿ ԽՎ հայտարարությունն սպառված ուրանի զինամթերքի օգտագործման հնարավոր հետևանքների վերաբերյալ» հարցի առնչությամբ նշվել է, որ խնդիրը կարգավորված է ՄԱԿ-ի համապատասխան ակտերով, և դրան անդրադառնալը նպատակահարմար չէ:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարտ Միրզոյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հրաժարվել էին մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին։