Արցախից բռնի տեղահանված Ռոմելա Դադասյանն ու Զինա Բեգլարյանը հայրենի տնից շատ իրեր չեն կարողացել վերցնել, բայց բերել են արցախյան ավանդական ժենգյալով հացի պատրաստման գաղտնիքները, որոնք օգնում են որոշ չափով հոգալ ապրուստը։ Ռոմելայի և Զինայի հետ մեր նկարահանող խումբը ծանոթացել է Երևանում կայացած «Արցախցու ձեռքով» բարեգործական տոնավաճառ-ցուցահանդեսի ժամանակ։ Պարզվեց, նրանց պատրաստած ժենգյալով հացը համտեսելն այդքան էլ հեշտ չէ. մինչև հերթը կհասնի, այն անմիջապես սպառվում է։ Ռոմելայի և Զինայի ժենգալով հացը փորձելու համար երկար հերթ պետք է կանգնել։
Ռոմելան Armenia Today-ին պատմել է, որ Հայաստանում գրեթե կարողանում են ստանալ այն ժենգյալով հացի համը, որը պատրաստում էին բնական բերքով հարուստ Արցախում։
«Ամեն ինչ էլ կա Հայաստանում՝ ուղղակի պետք է կարողանալ հավաքել ու պատրաստել»,-ասում է Ռոմելան։
Ռոմելան երկու անգամ է տուն կորցրել: Նախ 2020-ի 44-օրյա պետերազմի ժամանակ տեղահանվել է հայրենի Հադրութի Մեծ թաղլար գյուղից և տեղափոխվել Ստեփանակերտ, հետո 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո նա ընտանիքի հետ բռնի տեղահանվել է Արցախից։ Ասում է՝ այսօր փորձում է կյանքը վերագտնել Երևանում։ Զինան Հադրութի Ուխտաձոր գյուղից է։ Նա 2020-ին է տեղափոխվել Երևան, բայց Հադրութի տունը մոռանալ չի կարողանում։
«Մոռանալ չի լինի, բայց փորձում ենք հարմարվել, էստեղից էլ ո՞ւր գնանք»,-ասում է նա։
Ուշադրության կենտրոնում է նաև հրուշակագործ Հասմիկ Պետրոսյանի պատրաստած քաղցրավենիքը՝ հատկապես անուշաբույր փախլավան։ Հասմիկը Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղից է։ Երբ 2020-ին գյուղն անցել է թշնամու վերահսկողության տակ, ընտանիքով տեղափոխվել են Ստեփանակերտ, իսկ 2023-ին բռնի տեղահանվել են Արցախից։
«Ստեփանակերտում հրուշակագործությամբ էի զբաղվում, բայց վերջին ամիսներին շրջափակման պատճառով աշխատանքը դժվարացավ։ Հիմա փորձում եմ այստեղ շարունակել գործունեությունը, կամաց-կամաց վերագտնել ինձ, ընտանիքիս հոգսերը մի քիչ թեթևացնել»,-նշում է Հասմիկը։
Նա ընտանիքի հետ Չարենցավան քաղաքում վարձով է ապրում։ 4 երեխա ունի, դեռ միայն ինքն է աշխատում։ Հասմիկի խոսքով՝ ստացած եկամուտով շատ քիչ է հաջողվում հոգալ ամենօրյա ծախսերը։ Նա երևանյան մթերքներով, բայց արցախյան ոգով է քաղցրավենիք պատրաստում. ասում է՝ երբ տեղն իմանում են՝ պատվերներ շատ են լինում։
Ամուսիններ Ռայա ու Անուշավան Համբարձումյանները տարիների ամուր միությունը նաև իրենց ստեղծած ընկերության ապրանքանիշում են արտացոլել՝ կոչելով այն «Ռայանուշ»։ Մատաղիս գյուղից են, որտեղից 1992-ին են տարհանվել ու բնակություն հաստատել Ստեփանակերտում։ Նրանք մյուս հայրենակիցների նման 2023-ի սեպտեմբերին բռնի տեղահանվել են Արցախից։ Ամուսինների խոսքով՝ Արցախում 2011-ից սկսած գործը փորձում են շարունակել Երևանում։ Արցախյան տարբեր ուտեստներ են պատրաստում ու վաճառում։
«Ամուսնուս ու իմ անվան առաջին տառերը համատեղել ենք ու ստեղծել «Ռայանուշ» ընկերությունը։ Պատրաստում ենք կարկանդակներ, ժենգյալով հաց, փախլավա, թխվածքաբլիթներ, ղափամա և այլ ուտեստներ»,-ընդգծում է տիկին Ռայան։
Երևանում վարձակալած տանն են աշխատում, բայց հարմար տեղ են փնտրում, որ ընդլայնեն գործունեությունն ու կարողանան վճարել տան 300 հազար դրամ վարձը, հոգալ մյուս ծախսերը։
«Սրտանց գոհ ենք մեր եղբայրներից ու քույրերից՝ իրենց ջերմ ընդունելության համար։ Շնորհակալ ենք նաև նման նախաձեռնությունների համար, որոնց շնորհիվ կարողանում ենք մեր ձեռքի շնորհքը ցույց տալ»,-հավելում է Անուշավան Համբարձումյանը։
Ալլա Նալբանդյանն Ասկերանի շրջանի Ուխտասար գյուղից է։ Բռնի տեղահանումից հետո Երևանում փորձում է ստանալ արցախյան համերն ու հոգալ ընտանիքի կարիքները։
«2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ եկել էինք Հայաստան, հետո կրկին վերադարձել ենք մեր գյուղ։ Արդեն այս տարվա սեպտեմբերից հետո, գալով Երևան, զբաղվում ենք այս գործով, որ կարողանանք ապրել»,-նշում է Ալլան։
Թվարկելով իր պատրաստած արցախյան թթուների տեսակները՝ Ալլան նշում է, որ դրանք մեծ պահանջարկ ունեն Հայաստանում։ Նա պատրաստում է բազուկի, խնձորի, հոնի, զկեռի, գետնախնձորի և այլ թթուներ։
Արցախցիների ձեռքով պատրաստած ուտեստների փառատոնի կազմակերպիչներ պատրաստվում են պարբերաբար ցուցահանդեսներ անցկացնել։ «Արցախցու ձեռքով» ցուցահանդեսի կազմակերպիչ Նունե Ներսիսյանն Armenia Today-ին պատմել է, որ մտադիր է ընդլայնել մասնակիցների շրջանակը։
«Փորձելու ենք շարունակական դարձնել նման տոնավաճառները, որպեսզի օգնենք մեր հայրենակիցներին։ Այդկերպ նրանք կկարողանան ցույց տալ իրենց աշխատանքը, որի միջոցով կարող են իրենց կարիքները հոգալ։ Իհարկե, շատ լավ է, որ օգնություն ենք տալիս նրանց, բայց մեկ, երկու անգամ օգնություն տալով՝ մարդը չի կարող ապրել։ Այդ պատճառով, կարծում եմ, ավելի ճիշտ է գնահատել իրենց աշխատանքը, որի միջոցով իրենք կարող են ապրել»,-նշեց Նունե Ներսիսյանը։
Բռնի տեղահանված արցախցիները միակարծիք են․ թեև հայրենիքի կորստի ցավը չի անցնում, բայց այն ինչ-որ չափով մեղմացնում է աշխատանքը։ Սիրով են մասնակցում նման նախաձեռնությունների` պատմում արցախյան խոհարարական արվեստի մասին։
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում։
Աննա Բադալյան