44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի hետ հանդիպումն այնքան է ոգևորել ՔՊ-ականներին, որ որոշել են նիստից հետո պատիվ տալ Շահրամանյանին` սեղան են գցել հենց ԱԺ-ում, գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ հարցաքննությունն անցել է ջերմ մթնոլորտում: «Չնայած ՔՊ-ականները որոշել էին նրա վախը բռնել, որ երբևէ քաղաքական ակտիվության մասին չմտածի, սակայն նա անմիջապես հասկացրել է, որ ո՛չ նման մտադրություն ունի, ո՛չ ցանկություն, և անտրտունջ պատասխանել է բոլոր հարցերին, որոնք դուրս են եղել հանձնաժողովի իրավասության շրջանակից»,- մանրամասներ է հայտնում պարբերականը։
Պատերազմից 4 ամիս առաջ Շահրամանյանն Արցախի ԱԱԾ տնօրենն էր, իսկ պատերազմի օրերին՝ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարը: Նրան հարցրել են` ունեցե՞լ եք օպերատիվ տվյալներ հնարավոր պատերազմի մասին, վստահեցրել է, որ ոչ` պատերազմի որևէ նախանշան չի եղել։ Ի զարմանս ՔՊ-ականների, Արցախի նախագահը պատասխանել է նաև պատերազմին չվերաբերող հարցերին:
Ըստ աղբյուրի, Շահրամանյանը վստահեցրել է, որ Հայաստանում քաղաքականությամբ չի զբաղվելու, չի առաջնորդելու արցախցիների պայքարն ընդդեմ ՀՀ իշխանությունների, նշել է, որ դեմ է պետության մեջ պետություն ունենալուն, սակայն պետք է ուղիներ փնտրել Արցախի պետական ինստիտուտները պահպանելու համար:
Արցախի նախագահը հանձնաժողովի նիստին մասնակցել էր նոյեմբերի 24-ին: Հանձնաժողովի նախագահ, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պատասխանել է ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլ նաև դրան հաջորդող շրջանի իրադարձությունների մասին հարցերի:
Հիշեցնենք, որ Քննիչ հանձնաժողովում բաց ռեժիմով հարցաքննվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցել էր հունիսի 27-ին։ Ավելի ուշ՝ օգոստոսի 1-ին, նիստին մասնացել էր Դավիթ Տոնոյանը։ Սպասվում է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցը հանձնաժողով։
Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով Քննիչ հանձնաժողովն ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել էր 2022 թվականի հոկտեմբերի 5-ին՝ 6 ամիս ժամկետով և մայիսի 2-ին՝ կրկին 6 ամիս ժամկետով։ Հանձնաժողովի լիազորությունները դադարեցվում են այս տարվա դեկտեմբերի 3-ին։