Կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած էլեկտրաէներգիայի կարճաժամկետ անջատումը պայմանավորված էր բարձրավոլտ էլեկտրական ցանցերում առաջացած համակարգային խնդրով, գրում է «Փաստ» օրաթերթը:
Թերթը հոսանքազրկման հարցի պարզաբանման համար կապ է հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ: «Անջատումը պայմանավորված էր ոչ թե մեր, այլ բարձրավոլտ էլեկտրական ցանցերում առաջացած համակարգային խնդրով, որի հետևանքով հոսանքազրկվել էին մեր հանրապետության բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ կառավարության շենքը:
Ուստի, ՀԷՑ-ի գործառույթների հետ որևէ կապ չուներ, հետևաբար նաև դուրս էր մեր ընկերության պատասխանատվության շրջանակից», – «Փաստ» թերթի հարցմանն ի պատասխան ասաց ՀԷՑ տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը:
Նոյեմբերի 23-ին Փաշինյանի ելույթի ժամանակ տեղի էր ունեցել էլեկտրաէներգիայի կարճաժամկետ անջատում, ինչը առիթ դարձավ, որ նա իր զայրույթն արտահայտի: