Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների վերաբերյալ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ, մասնավորապես, շուտ փչացող ապրանքների վերաբերյալ տեղեկությունը փոխանցել է համապատասխան կառույցներին։
«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը մշտապես գտնվում է կոմիտեի ղեկավարության անմիջական ուշադրության ներքո: Հարցի առնչությամբ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,-ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։
Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ Վերին Լարսի անցակետում մշտադիտարկվում է Ռուսաստանի Դաշնություն գնացող ուղղությունը, որի արդյունքում ակնհայտ է դառնում, որ բազմաթիվ հայկական բեռնատարներ մուտք են գործում Ռուսաստան:
«Ինչ վերաբերում է այն բեռնատարներին, որոնք կանգառել են անցակետում և առաջացել է շուտ փչացող ապրանքների մտահոգիչ հարց, ապա դրանց մասով խնդիրներն օպերատիվորեն վերհանելուն զուգահեռ, միաժամանակ, համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է Էկոնոմիկայի նախարարությանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ համատեղ քննարկելու և հետագա գործողությունները պլանավորելու համար: Միաժամանակ, հիշեցնում ենք, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը գտնվում է Վերին Լարսի անցակետում և պատրաստ է աջակցել բեռնափոխադրողներին, անհրաժեշտության դեպքում կարող են կապ հաստատել ՊԵԿ ներկայացուցչի հետ»,-հավելել են ՊԵԿ-ից։