Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը իր Do It My Way երգով գրավել է 3-րդ տեղը՝ հավաքելով 180 միավոր։
Մրցույթում արդեն երկրորդ տարին հաղթող է ճանաչվում Ֆրանսիան՝ 228 միավորով, երկրորդ հորիզոնականում Իսպանիան է՝ 201 միավորով։
Հայաստանին 12 միավոր են տվել Մալթան, Միացյալ Նահանգները, Հյուսիսային Մակեդոնիան, Գերմանիան, իսկ 10 միավոր՝ Ուկրաինան և Վրաստանը։ Իսկ Հայաստանն իր 12 միավորը տվել է Մալթային, 10 միավորը՝ Ֆրանսիային։
Հայաստանի պատվիրակները ելույթ են ունեցել 8-րդ համարի ներքո։
Մրցույթը մեկնարկել էր Իսպանիայի ներկայացուցչի ելույթով և եզրափակվել Նիդերլանդների պատվիրակի ելույթով։
Մրցութային երգի և երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան և Վահրամ Պետրոսյանը, տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆը՝ Վիկա Մարտիրոսյանը, հագուստի հեղինակը Ֆաինա Հարությունյանն է:
Հուլիսի 4-ին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթի մասին, որը հաղթել էր Yan Girls խումբը՝ Do It My Way երգով։
Նոյեմբերի 19-ին Հայաստանի պատվիրակությունը մեկնել էր Նիցցա՝ մասնակցելու մրցույթին։