Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել է ԵԿՄ նախկին նախագահ, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով վճիռը, տեղեկացնում են դատական իշխանությունից։
Նրանք մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքներում։
«Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մ․ Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 800 մլն ՀՀ դրամ, 8 ավտոմեքենա, բացի այս՝ շուրջ 8 հազարի հասնող «Զինվորի բաժին» մակնշմամբ մթերք, հանդերձանք, դեղորայք կտրվի ԵԿՄ-ին, իսկ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք կտրվի ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինմանը։ Դատարանի որոշմամբ՝ այս գործով տուժողի իրավահաջորդ Հ. Թորոսյանին կվերադարձվի Վաղարշապատում գտնվող 1 բենզալցակայան»,- նշված է հայտարարության մեջ։
Հայտնում են, որ Նազիկ Ամիրյանից կբռնագանձվի շուրջ 101 մլն 200 հազար ՀՀ դրամ, իսկ նրա հաշիվները, շարժական, անշարժ գույքերը կմնան կալանքի տակ՝ մինչև դատավճռի կատարումը:
2022-ի հուլիսին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանից պահանջել էր Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող թվով 28 անշարժ գույք, 16 տրանսպորտային միջոց։
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին մեղադրում էին ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ։ Անազատության մեջ գտնվելուց հետո 2020-ի հունվարի 15-ին գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։ Խափանման միջոցի փոփոխությունից հետո փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել Գրիգորյանի հետագա բուժումը Ֆրանսիայում շարունակելու համար։ Միջնորդությունը, սակայն, մերժվել էր։
Մանվել Գրիգորյանը մահացել է 2020 թվականին։