Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի հրամանագիր է ստորագրել «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու մասին, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ըստ կարգադրության՝ Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությանն առընթեր Ղարաբաղի համալսարան կստեղծվի Ստեփանակերտ քաղաքում տեղակայված բարձրագույն ուսումնական հաստատության հիման վրա։
Երկրի Նախարարների կաբինետին հանձնարարվել է երկամսյա ժամկետում հաստատել համալսարանի կանոնադրությունը և այդ մասին տեղեկացնել Ադրբեջանի նախագահին, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ համալսարանի գործունեությունը ֆինանսավորելու, ինչպես նաև համալսարանի ենթակառուցվածքային հարցերը լուծելու, այդ թվում՝ շրջակայքում հողերի հատկացման համար՝ համալսարան, ուսումնական մասնաշենք, հանրակացարան, մարզահրապարակ և այլ հարմարություններ ունենալու համար։
Հրամանի տեքստը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։