«Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնել «Հայաստանից բուսաբուծական մթերքների մատակարարման խախտումների աճի կապակցությամբ»։
Գերատեսչության տվյալներով՝ 2023թ․ Հայաստանից եկող ծաղկապտուղ-բանջարեղենային մթերքներում հայտնաբերվել է կարանտինային վնասատուների 72 դեպք։
«Նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ․ միայն նոյեմբերի 24-26-ը՝ Ռուսաստան վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 դեպք, որոնք ժամանել են Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ենթադրվում է, որ բուսական արտադրանքներում հայտնաբերվել են կարանտինային ցեցեր ԵԱՏՄ անդամ երկրների համար, արևելյան ցեց, պեպինո մոզայկա վիրուս, լոլիկի շագանակագույն կնճիռների վիրուս և արևմտյան ծաղիկ թրիփսներ։
Բացի այդ, ըստ հաղորդագրության, նոյեմբերին հայտնաբերվել է Հայաստանից եկող լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափերը գերազանցելու 5 դեպք, ինչը «կարող է վկայել արտադրողների կողմից օգտագործման կանոնակարգի խախտման մասին»։
Ընդգծվում է, որ «վերը նշվածը վկայում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազման մասին և վտանգ է ներկայացնում Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցության համար»։
«Ռոսսելխոզնադզորը բոլոր խախտումների մասին ծանուցել է Հայաստանի իրավասու գործակալությանը, սակայն ծառայությունը դեռևս տեղեկություն չի ստացել կատարված ուսումնասիրությունների մասին։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին՝ խնդրելով անհապաղ ձեռնարկել համալիր միջոցառումներ՝ կանխելու աղտոտված ապրանքների առաքումները Ռուսաստան և տեղյակ պահելու ռուսական գերատեսչությանն այդ ուղղությամբ կատարված աշխատանքների մասին»,- ասվում է հաղորդագրությունում։
Միաժամանակ նշվում է, որ «սահմանին բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Հայաստանից եկող բեռների ստուգման և հաշվառման կանոնները չեն փոխվել»։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի և Սփյուռքի հայերին կոչ էր արել գնել բացառապես Հայաստանում արտադրված ապրանքներ։ Հարությունյանն այսպես էր մեկնաբանել Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների հետ կապված իրավիճակը։
Նոյեմբերի 27-ին «Export Armenia» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Armenia Today-ին մեկնաբանել էր իրավիճակը Վերին Լարսի անցակետում, որով Հայաստանից բեռները գնում են Ռուսաստան և հակառակ ուղղությամբ։ Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակման հետ կապված իրավիճակը Ստեփանյանը կապել էր Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական հարաբերությունների հետ։ Ասոցիացիայի համահիմնադիրն ասել էր, որ Հայաստանը պետք է փոխի ռուսական շուկան և իրացման շուկաներ փնտրի այլ երկրներում։