Երևանում ընթացող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության 7-րդ օրը Հայաստանը հաղթանակով է մեկնարկել, մեր մարզիկ Արեն Խառատյանը հաղթել է հունգարացի մրցակցին, տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Արեն Խառատյանը 1/4 եզրափակիչում հիանալի մենամարտ է անցկացրել՝ ոչ մի շանս չտալով հունգարացի Պետեր Բենեդեկին։
Առաջին ու երկրորդ ռաունդներում հաղթելով 4:1 և 5։0 հաշիվներով՝ 3-րդ ռաունդում մեր մարզիկն ավելի է մեծացրել ճնշումն ու նոկդաունի ենթարկել մրցակցին։ 52 կգ քաշային կարգում նա ՀՀ-ի համար մեդալ է ապահովել։
Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության 6-րդ օրը Հայաստանի մարզկիները 3 մեդալ էին նվաճել։
Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը մեկնարկել էր նոյեմբերի 24-ին, կավարտվի դեկտեմբերի 4-ին։
Առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 16 բռնցքամարտիկներ՝ Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ) և Տիգրան Խաչատրյանը (+80 կգ) և աղջիկների պայքարում՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը: