Հայաստանյան արվեստագետները մասնակցել են Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացած միջազգային «HOME/HOPE» խորագրով բիենալեին, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
«Բիենալեին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 150 արվեստագետ, կայացել է 50 միջոցառում: Բիենալեին մասնակցող արվեստագետների աշխատանքները ներկայացվել են ոչ միայն Լառնակա քաղաքում, այլև Կիպրոսի տարբեր վայրերում՝ հետաքրքրելով ինչպես տեղի բնակչությանը, այնպես ել միջազգային հանրությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հայ արվեստագետները բիենալեին ներկայացել են միասնական տաղավարով, ուր այցելել է ավելի քան 7000 մարդ:
«Հայկական տաղավարի թիմը ստեղծել է կայք, որտեղ ներկայացված է «HOME/HOPE» ցուցահանդեսի յուրաքանչյուր նկարիչ: Հրատարակվել է ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ զետեղված են բոլոր արվեստագետների աշխատանքները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության փոխանցմամբ՝ Լառնակայի բիենալեի թեմայի շրջանակում հայաստանյան պատվիրակները կազմակերպել էին «BioSculpt» ցուցահանդեսը, որի հիմնական նպատակն էր ցույց տալ, թե ինչպես կարող են նկարիչները և բնությունը լինել գեղեցիկ ստեղծագործությունների համահեղինակ։
«HOME/HOPE» նախագիծը ներառում էր ցուցահանդեսներ, վարպետության դասեր, դասախոսություններ, համերգներ, շոուներ և թատերական ներկայացումներ: