Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրման հետևանքով հոկտեմբերի 7-ից մինչև օրս Գազայի հատվածում ԶԼՄ-ների 63 աշխատակից է զոհվել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն։
Կազմակերպության տվյալներով՝ հակամարտության սրման զոհ դարձած ԶԼՄ-ների աշխատակիցների թվում 56 պաղեստինցի է, 4 իսրայելցի և 3 լիբանանցի։ Բացի այդ, 11 լրագրող վիրավորվել է, ևս 3-ը համարվում են անհետ կորած։
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել էին, որ նոյեմբերի 24-ից պատանդներին և բանտարկյալներին ազատելու համար հրադադար է լինելու։ Այնուհետև հրադադարը երկարացվել էր երկու անգամ՝ երկու և մեկ օրով։ Դեկտեմբերի 1-ին Գազայում հրադադարն ավարտվել էր, Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտարարել էր ռազմական գործողությունների վերսկսման մասին։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։