Reuters-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանվածների խնդիրներին, որոնց հետ նրանք բախվում են Հայաստանում։ Reuters-ի թղթակիցն այցելել է Արցախից բռնի տեղահանված, այժմ Մասիսում բնակվող Էլլադա Սարգսյանին, որը երրորդ անգամ է տուն կորցրել։
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ծնված Սարգսյանն առաջին անգամ տեղահանվել է 1988 թվականին՝ 19 տարեկան հասակում, երբ Բաքվում ջարդեր էին սկսվել հայերի դեմ։ Reuters-ը պատմել է, որ նրա ընտանիքը փախել է Խորհրդային Հայաստան, այնուհետև հաստատվել ԼՂ Ակնաղբյուր գյուղում, որը կորցրել է 2020-ին։
«Ես արդեն ընտելացել եմ կարգավիճակին։ Շատ ծանր է այն մարդկանց համար, ովքեր առաջին անգամ լքել են իրենց տները»,- ասել է Սարգսյանը, որը ժամանակավորապես ապրում է Մասիսի լքված մանկապարտեզում՝ 67 այլ փախստականների հետ միասին:
Լրատվամիջոցը գրել է, որ այժմ Մասիսում գտնվող ԼՂ-ից բռնի տեղահանվածներից շատերը ոչինչ չունեն, քանի որ շտապ լքել են Արցախի հեռավոր գյուղերի տներն ու ֆերմաները։
Հրապարակման մեջ Reuters-ը պատմել է նաև 34-ամյա Ալինա Հարությունյանի մասին, որն ամուսնու և 4 երեխաների հետ ապրում է լքված գրադարանի առաջին հարկում գտնվող սենյակում։ Նշվում է, որ ՀՀ կառավարությունը նրանց տրամադրել է երկու մահճակալ և միանվագ գումար՝ 100 000 դրամ, սակայն նրանց բնակարաններում կոմունալ հնարավորություններ չկան։
«Մինչդեռ ցուրտը դատարկ դռներով է մտնում շենք»,- ասված է հրապարակման մեջ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։