ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ ռուս խորհրդարանականները մտադիր չեն սառեցնել հարաբերությունները հայ օրենսդիրների հետ, հաղորդում է «РИА Новости»-ին։
«Մենք այդ մասին չենք խոսում և չենք մտածում»,- ռուս և հայ խորհրդարանականների միջև հարաբերությունների հնարավոր սառեցման մասին գործակալության հարցին պատասխանել է Կարասինը։
Մեկնաբանելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին չմասնակցելու որոշումը՝ ռուս սենատորը ափսոսանք է հայտնել: «Նման որոշումը, բնականաբար, ցավալի է։ Կցանկանայինք, որ նրանք մասնակցեին»,- ասել է նա։
Միաժամանակ Կարասինը նշել է, որ ռուս սենատորները պարբերաբար շփվում են իրենց հայ գործընկերների հետ թե՛ անմիջականորեն, թե՛ տեսակապով, թե՛ դեսպանատան միջոցով։ «Մենք մտածում ենք այն մասին, որ հարաբերությունները լինեն բովանդակալից և ակտիվ»,- ավելացրել է նա:
Այսօր ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին և 16-րդ լիագումար նիստին: Նիստերին չի մասնակցի նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը: