Իշխանությունները որոշել են ձերբազատվել ընդդիմադիր բոլոր համայնքապետերից, հաջորդը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Օրաթերթին լուրեր են հասել, որ թեև Առուշանյանը վերջերս ակնհայտորեն փոխել է իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ, բայց, ամեն դեպքում, Առուշանյանին ևս ՔՊ-ականները որպես իրենց ընդդիմադիր են դիտարկում: Ինչպես թերթի աղբյուրներն են փոխանցում, Առուշանյանին ՔՊ-ականները որոշել են արժանացնել Ալավերդու համայնքապետի ճակատագրին ու ազատվել նրանից:
«Իշխանականները հրահանգել են իրավապահներին գործընթաց սկսել Առուշանյանի նկատմամբ ու ուսումնասիրել նրան պատկանող բիզնեսները, չարաշահումներ գտնել ու այս ճանապարհով հասնել նրա հեռացմանը»,- հայտնում է պարբերականը:
Թերթը հիշեցնում է, որ ընդամենն օրեր առաջ ՔՊ-ն Ալավերդիում ուժով իշխանություն է վերցրել և պաշտոնանկ արել համայնքապետին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դեկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ Ալավերդիում բախվել էին ժողովրդավարությունն ու զոռբայությունը, ու օրենքը հաղթել է: ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Ալավերդու նոր քաղաքապետի ընտրությունների ժամանակ տեղի ունեցածը խուլիգանություն ու զոռբայություն էր որակել:
Դեկտեմբերի 2-ին ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում գործում է ռազմապատժիչ ընտրական հանձնաժողով, իսկ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն անձամբ է կոորդինացնում ճնշումները: Նրա խոսքով՝ իշխանությունը չի հանդուրժում որևէ ընդդիմադիր համայնքապետի պաշտոնավարումը: