Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ճեպազրույցում ասել է, որ Հայաստանի իշխանությունները չեն քննարկում ռուսական հեռուստաալիքների փակման հարցը։
«Փակման հարց հիմա չի քննարկվում, ամեն ինչ կախված է (ռուսական կողմի հետ-խմբ.) խորհրդակցությունների արդյունքներից»,- ասել է Խաչատրյանը։
Մինչև այս տարվա վերջ Երևանում խորհրդակցություններ կանցկացվեն, դրանք նախաձեռնել է հայկական կողմը, մանրամասնել է նա։
Խորհրդակցությունների ընթացքում, ըստ նախարարի, կքննարկվեն զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի համապատասխանության հարցերը։
Հոկտեմբերի 19-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հայտարարել էր, որ Հեռուստատեսության և ռադիոյի պետական հանձնաժողովն արձանագրել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին պայմանագրի մի շարք կետերի խախտումներ, մասնավորապես՝ Առաջին ալիքի և «Ռոսիա 24»-ի կողմից։
Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր դադարեցման մասին հարցին նախարարը պատասխանել էր, որ «բոլոր տարբերակները քննարկվում են, դեռ որոշում չկա»։ Դեկտեմբերի 4-ին Հայաստանը դիմել էր Ռուսաստանին՝ զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում երկրների միջև պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու խնդրանքով։