Օնլայն տաքսիներով երթևեկությունը Հայաստանում կհարկվի։ Խորհրդարանն ընդունել է օրինագիծ, ըստ որի՝ 2024 թվականից Հայաստանում առցանց տաքսիներով երթևեկության համար կսահմանվի պետական տուրք, որը տարբեր կլինի կանխիկ և անկանխիկ վճարման դեպքում։ Փաթեթն Ազգային ժողովում ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Քննարկվող փաթեթով առաջարկվում է պատվերի գրանցման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության և պատվիրատուին էլեկտրոնային կտրոնի տրամադրման պահանջ սահմանել։ «Յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագիր տրամադրելու պահանջ, որի համար պետական տուրքը կկազմի կանխիկ դրամով վճարումների դեպքում՝ 2024թ․ սեպտեմբերի 1-ից՝ 2 տոկոսի չափով, 2025թ․ հունվարի մեկից՝ 3․5 տոկոսի չափով, 2026թ․ հունվարի 1-ից՝ 5 տոկոսի չափով։ Անկանխիկ վճարումների դեպքում 2024թ․ սեպտեմբերի 1-ից՝ 1․5 տոկոսի չափով, 2025թ․ հունվարի 1-ից՝ 2․5 տոկոսի չափով և 4 տոկոսի չափով՝ 2026թ․ հունվարի 1-ից»,- մանրամասնել է փոխնախարարը։
Բացի այդ, նրանք տարեկան 1 մլն դրամ (մոտ 2,5 հազար դոլար) պետական տուրք են վճարելու ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունքի համար։ Նաև առցանց տաքսի ագրեգատորները հարկային մարմիններին պետք է տրամադրեն տվյալներ իրենց կատարած պատվերների վերաբերյալ:
Կառավարությունն առաջարկում է էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցողներին հարկային դաշտ տեղափոխել։
Ֆիզիկական անձինք կկարողանան թեթև մարդատար ավտոմեքենաներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը կթույատրվի միայն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով։
Արմեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում վերջին տարիներին էապես աճել է էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրումների ծավալը, սակայն այս ոլորտն օրենքով կարգավորված չէ։ «Շատ վարորդներ, օգտվելով իրենց պատկանող մեքենաներից, իրականացնում են ուղևորափոխադրումներ, որոնք չեն վերահսկվում և չեն հարկվում»,- նշել է նա։
Սիմոնյանը հավելել է, որ միջմարզային, ներմարզային ուղևորափոխադրումների համար պետական տուրքի պահանջը հանվում է։
Հայաստանում 2021 թվականի մայիսին աշխատանքային խումբ է ձևավորվել տաքսի ծառայության համակարգի բարեփոխման վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ։
Հայաստանում տաքսի ագրեգատորներն են՝ GG, Yandex Go, U-taxi։
Մանրամասները՝ տեսանյութում։