Դեկտեմբերի 23-ին նախատեսված ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված են երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և հայտնի ֆուտբոլիստ, հոլանդական «Այաքս»-ի, Մոսկվայի «Սպարտակ»-ի ու ազգային թիմի նախկին խաղացող Արազ Օզբիլիսը, ում թեկնածությունն առաջարկել է գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտու» ՖԱ-ն:
«Ժողովուրդ» օրաթերթի ՀՖՖ աղբյուրները փոխանցել են, որ ֆեդերացիայում մտավախություն ունեն, որ ազգային հավաքականի նախկին ու ներկա խաղացողները կարող են հայտարարություն տարածել, որով կաջակցեն Արազին ու կոչ կանեն ՀՖՖ նախագահ ընտրել ֆուտբոլից իսկապես հասկացող, իշխանությունների հետ չսերտաճած Օզբիլիսին: Թերթի աղբյուրները պնդում են, որ տեքստն արդեն քննարկվում է, միացողները շատ են:
Հետաքրքրական է, որ դեկտեմբերի 13-ին ասուլիս է հրավիրել նաև ՀՖՖ անդամ, առաջնության լիդեր «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը և, ըստ չճշտված տեղեկությունների, կարող է սենսացիոն բացահայտումներ անել: Սրան զուգահեռ՝ ֆեդերացիայի աշխատակիցներն են խնդրում, որ որոշ ակումբներ Մելիքբեկյանին աջակցող հայտարարություն տարածեն, ինչը դեռևս ամբողջությամբ չի ստացվում: Ակնհայտ է, որ իշխանությունների «դաբրո»-ն հերթական անգամ ստացած Մելիքբեկյանը ֆեդերացիայի նախագահ կընտրվի, մեղմ ասած, կասկածելի վարկանշային վիճակում:
Թերթին փոխանցում են, որ ՀՖՖ նախագահ են ընտրում այնպիսի ՀԿ-ներ, որոնց գործունեությունը, մեղմ ասած, ակտիվ ֆուտբոլային չէ, ու շատերի մասին չգիտեն նույնիսկ ֆուտբոլասերները, իսկ ահա հայտնիները կա՛մ դեմ են, կա՛մ իրենց թեկնածությունն ունեն, կա՛մ դեռ բանակցում են՝ խոստանալով, օրինակ, խաղադաշտ կառուցել կամ այլ կերպ վարձահատույց լինել քվեի դիմաց: Լրատվականին զանգահարած ֆուտբոլասերները պնդում են՝ քանի դեռ այս մարդիկ են իշխանությունների ընտրյալը, ֆուտբոլը հետընթաց է ապրելու ու խայտառակ պարտություններ են կրելու: