Երևանում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Գործող գնացուցակով Երևանում կայանատեղիների գները բոլոր կետերում նույնն են. ժամը՝ 100 դրամ, օրը՝ 500 դրամ, իսկ տարին՝ 12 000 դրամ:
Նոր գնացուցակով՝ Կենտրոնի «Ա» գոտում կայանման մեկ ժամի արժեքը կավելանա 3 անգամ՝ կազմելով 300 դրամ, մեկ օրվանը կկազմի 2000 դրամ, իսկ մեկ տարին կարժենա 160 հազար դրամ։ Քաղաքային իշխանությունները կարծում են, որ գների ավելացումը կօգնի ազատվել փոքր Կենտրոնում մեքենաների կուտակումներից։
Armenia Today-ը հարցում է արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են վերաբերվում Երևանի քաղաքապետարանի մտադրությանը: Հարցված քաղաքացիների մեծ մասը բացասական է գնահատում այս որոշումը:
«Դե իհարկե սխալ որոշում է, մարդ կա՝ Բանգլադեշից գալիս է կենտրոն՝ աշխատանքի, մեքենան որտե՞ղ կայանի, ինչքա՞ն աշխատավարձ ստանա, որ կարողանա 160 հազար վճարել, կարծում եմ՝ իրենք ավելի շատ իրենց գրպանի մասին են մտածում, ոչ թե Փոքր Կենտրոնի բեռնաթափման»,- ընդգծել է քաղաքացին։
Մեկ այլ քաղաքացի էլ կարծում է, որ պետք է այլ լուծում գտնեին փոքր Կենտրոնը բեռնաթափելու համար․ «Կարելի էր ուրիշ լուծում գտնել, եթե գործ ունես Կենտրոնում, ապա պետք է գաս, ի՞նչ անես այդ դեպքում, որտե՞ղ կայանես մեքենադ»,- ասում է նա։
Քաղաքացիներից մեկը շատ գոհ է և կարծում է, որ պետք է վաղուց այդպես անեին:
«Շատ ճիշտ է, պետք է վաղուց անեին, աշխարհի բոլոր մայրաքաղաքներում դա ընդունված է, 160 հազարը քիչ է, ես Կենտրոնում եմ ապրում, մեքենայով դուրս չեմ գալիս, մեղավո՞ր ենք, որ Կենտրոնում ենք ապրում, բակում այնքան մեքենա կա կանգնած… եթե քիչ մեքենա լինի, տրանսպորտը լավ կաշխատի, ուզում եք հազար ավտոբուս բերեք, միևնույն է, քաղաքում խցանում է, վաղուց պետք է անեին, կամ պետք է մտցնեն կենտ և զույգ համարների օրենք, մի օր մեկը աշխատի, մի օր՝ մյուսը»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարցումը՝ Լիաննա Խաչատրյանի