Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Գ.-ի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածում «Top Weed» առցանց խանութ-հարթակը ստեղծելու, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի իրացնելու և 79 մլն դրամ փողերի լվացում կատարելու համար, հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Գ.-ն 2019 թվականից, մի խումբ անձանց հետ, համապատասխան վարձատրության դիմաց, սկզբում՝ որպես թմրամիջոց տեղադրող, իսկ հետագայում՝ որպես պահեստապետ, իրացրել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ:
Գերատեսչությունը փոխանցում է, որ Ա.Գ.-ն, նույն ժամանակահատվածում, ՌԴ-ից պարբերաբար մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու և սահմանված արգելքը խախտելու եղանակով, տեխնիկական սարքավորումների մեջ թաքցված վիճակում, Հայաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ:
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներից ընդհանուր՝ 556,090 գրամ քաշով «մարիխուանա» և 190,326 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոցները հայտնաբերվել են Ա.Գ.-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ:
Ա.Գ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը), 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):
Պատգամավոր Ագնեսա Խամոյանը նոյեմբերին հայտարարել էր, որ 2023թ. 10 ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 3934 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1631 դեպքի դիմաց. աճը կազմել է 141 տոկոս։