ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, ճեպազրույցի ժամանակ ասել է Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որը տեղեկացնում է վստահության ամրապնդման մի շարք միջոցառումների մասին և վերահաստատում է երկկողմ հարաբերությունների կարգավորման իրենց հանձնառությունը։ ՄԱԿ-ը խրախուսում է կողմերին հիմնվել այս համաձայնագրի վրա՝ ամրապնդելու փոխադարձ վստահությունը և ապահովելու երկարաժամկետ խաղաղություն՝ ի շահ իրենց ժողովրդի և տարածաշրջանի»,- ասել է Դյուժարիկը։
Երևանն ու Բաքուն դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորականի, իսկ հայկական կողմն իր հերթին՝ երկու ադրբեջանցի զինվորականի։ Կողմերը նաև հաստատել են հարաբերությունները կարգավորելու և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության պայմանագիր կնքելու իրենց մտադրությունը։