Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրում ամեն ինչ պետք է փոխադարձ լինի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Euronews-ին տված հարցազրույցում։
«Գրեթե երեք տարի տևած բանակցային գործընթացի ընթացքում Հայաստանը մշտապես ցանկանում էր խաղաղության համաձայնագրում ներառել Ղարաբաղում հայկական փոքրամասնությանը վերաբերող դրույթ։ Եթե ուզում են Ադրբեջանում հայկական փոքրամասնության հարցը ներառվի, ուրեմն եկեք ներառենք նաև երեսուն տարի առաջ Հայաստանից վտարված ադրբեջանական փոքրամասնության հարցը, իսկ Հայաստանում ավելի շատ ադրբեջանցիներ կային՝ գրեթե 300 հազար մարդ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նշել է, որ եթե Հայաստանը համաձայնի կա՛մ երկու ազգային փոքրամասնությունների համար օգտագործել նույն ձևակերպումը, կա՛մ ընդհանրապես չներառել այդ հարցը, ապա խաղաղությունը հասանելի կլինի։
«Խաղաղությունն այլընտրանք չունի։ Եթե խաղաղության պայմանագիր չստորագրվի, դա վատ կլինի ողջ տարածաշրջանի համար. Հարավային Կովկասը պետք է պաշտպանված լինի ցանկացած ռիսկից։ Եվ, իհարկե, մենք ցանկանում ենք, որ Հայաստանն այսօր և ապագայում երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Այդուհանդերձ, Ալիևը նշել է, որ լուրջ խոչընդոտներ չի տեսնում Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։
«Մենք շարունակելու ենք անկախ քաղաքականություն վարել միջազգային ասպարեզում։ Պետք է ուշադրություն դարձնենք մեր սահմանների պաշտպանությանը՝ դրանք բաց կլինեն ընկերների և փակ կլինեն նրանց համար, ովքեր ցանկանում են վնասել մեզ»,- հայտարարել է Ալիևը:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահություն էր հայտնել, որ ցանկության դեպքում 5-10 օրվա ընթացքում հնարավոր է Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրել: Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը: «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը հայտարարել էին, որ ծանոթացել են «Խաղաղության պայմանագրին» և նշել դրա վտանգավորության մասին։