Գերմանական Հենրիխ Բյոլ հիմնադրամը հրապարակել է Խաչատուր Թովմասյանի ֆոտոռեպորտաժը՝ Հայաստանի Արմավիրի մարզի «Մեծամոր» հին հյուրանոցում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների պատմություններով։ Լուսանկարները ցույց են տալիս արցախցիների միապաղաղությունն ու անորոշությունը, իսկ նրանց պատմությունները խոսում են իրենց տան կարոտի մասին։
«Մանկական ձայներն արձագանքում էին դատարկ միջանցքում. մանկության մասին հիշողություններ, որոնք մնացել են կիրճի հատակին: Բոլորի մտքերը ուղղվել են դեպի իրենց գյուղը, այգին, բակը և տունը»,- ասվում է հոդվածում։
Հիմնադրամի հարավկովկասյան մասնաճյուղը արցախցիների լուսանկարների նկարագրության մեջ նշել է, որ երկու անձի համար նախատեսված հյուրանոցային համարներն այժմ գերբեռնված են՝ յուրաքանչյուր սենյակում ապրում է 4-5 հոգի։ Ընդհանուր առմամբ՝ հյուրանոցում ապրում է մոտ 120 տեղահանված մարդ։
Հոդվածի հեղինակը պատմել է Ժորիկի, Կարինեի և նրանց դստեր՝ Մարինայի պատմությունը, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմում կորցրել է ամուսնուն։ Հեղինակի խոսքով՝ տեղահանվածները հրաժարվել են Ռուսաստան մեկնելու և հարազատների հետ ապրելու առաջարկից՝ նախընտրելով մնալ Հայաստանում՝ դժվարություններ ապրելով լեռնային հայրենիքից հեռու նոր կենսապայմաններին ընտելանալու հարցում։
«Մեկ օրվա ընթացքում մենք կորցրինք այն ամենը, ինչ ստեղծել էինք տարիների ընթացքում։ Հիմա ես պետք է ամեն ինչ նորից սկսեմ, չնայած իմ տարիքում դա դժվար է անել։ Ես շատ եմ ծխում, քանի որ պարապ եմ։ Պետք է աշխատանք գտնեմ, այլևս չեմ կարող այսպես ապրել»,- լուսանկարչին ասել է արցախցիներից մեկը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել ավելի քան 100 հազար մարդ։ Հայաստանի կառավարությունը նրանց շնորհել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ՝ համարժեք փախստականի կարգավիճակին։ Դեկտեմբերին Reuters-ը պատմել էր վերաբնակեցվելուց հետո Արցախի փախստականների անորոշության և աղքատության մասին։
Armenia Today-ը հարցում էր անցկացրել երևանցիների շրջանում՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում Արցախի ժողովրդին աջակցելու կառավարության միջոցառումներին։ Մանրամասները՝ տեսանյութում։