Դեկտեմբերի 11-ից ընդունվում են Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակների նշանակման դիմումները, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Գերատեսչությունից հայտնում են, որ նախ անհրաժեշտ է դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային բաժիններ՝ բնակության վայրում հաշվառվելու համար (կամ փաստացի կամ մշտական հիմունքներով):
Այնուհետև https://online.ssa.am/ հարթակում ընտրել «Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի առցանց դիմումներ» պատուհանը՝ սեղմելով «Մուտքագրել Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուին Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի նշանակման դիմում» դաշտի վրա։
Ընդ որում՝ 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կենսաթոշակի վճարման տեսակը կարող են ընտրել կանխիկ եղանակը։
Նշվում է, որ դիմումը մուտքագրելիս դժվարություններ ունենալու դեպքում կարող են զանգահարել 114 կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։