Արցախի ավելի քան 150 կազմակերպություններ, կուսակցություններ, լրատվամիջոցներ և հասարակական գործիչներ ստորագրել են հայտարարություն՝ ուղղված ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին՝ պահանջելով արցախցիներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու համար հինգ պայման ապահովել։
Փաստաթղթի մեջ նշվում է, որ ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից և ենթարկվել իր համար օտար պետության գերիշխանությանը, առավել ևս մի պետության, որը ղեկավարվում է իր անպատժելիությամբ արբեցած ավտորիտար, կոռումպացված և ռասիստական ռեժիմի կողմից:
«Մեր ընդհանուր որոշումը՝ լքել մեր հայրենիքը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը, մեր տները, թողնել Սբ․ Մկրտչի մասունքները, մեր հայկական եկեղեցիներն ու մեր նախնիների գերեզմանները, որոնք մենք պաշտպանել ենք դարեր ի վեր, ապացույց է ողջ աշխարհին, որ Արցախի ժողովրդի համար ազատությունը բարձրագույն արժեք է։ Այս ճարահատ որոշումն ընդունվել է շարունակական ցեղասպանական գործողությունների և մեր գլխին կախված գոյաբանական լուրջ սպառնալիքների պայմաններում»,- ասում են ստորագրողները։
Շեշտվում է, որ նրանք, ովքեր իրենց համարում են մարդու իրավունքների ու ազատությունների ջատագովներ ու պաշտպաններ, որոշել են հանուն Հայաստանի ու Ադրբեջանի միջև թվացյալ խաղաղության ձեռքբերման և հանուն իրենց աշխարհաքաղաքական շահերի մերժել սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու և ինքնորոշման արցախցիների իրավունքները։ Նրանք վստահություն են հայտնել, որ ճշմարտության և արդարության զորությամբ կվերադարձնեն հայրենիքը։
Խոսելով Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի անհրաժեշտության մասին՝ նշում են, որ դրա համար անհրաժեշտ է ապահովել մի շարք անվիճարկելի պայմաններ՝ ադրբեջանական զինված ուժերի դուրս բերում Արցախի Հանրապետության տարածքից՝ ներառյալ Շահումյանի շրջանը, Արցախի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայում, Արցախի տարածքն ու Լաչինի միջանցքը փոխանցել ՄԱԿ-ի վերահսկողությանն ու կառավարմանը։
Կարևոր պայման է նաև Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների՝ հակամարտության ողջ ընթացքի հետ կապված ցանկացած մեղադրանքով քրեական հետապնդման բացառումը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։