Արցախցիների իրավունքների պաշտպանության, այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած միջոցառումների և անհրաժեշտ քայլերի շուրջ Armenia Today-ը զրուցել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:
-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ կառավարության կողմից Արցախից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալը, արդյո՞ք այն համարժեք է ներկա իրողություններին:
-Դրա կարիքը չկար, որովհետև եթե անգամ նրանք ընդունեին, որ դա ոչ թե ճամփորդական փաստաթուղթ էր, այլ լիարժեք քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, ինչի մասին գիտեին Եվրամիությունում, ապա միազգային հանրությունը պարտավոր կլիներ բոլոր սոցիալական բնույթի օգնությունը, օժանդակությունը տրամադրել: Միջազգային իրավունքն ասում է, որ եթե անգամ նույն պետության քաղաքացին է իր մշտական բնակության վայրից տեղահանվել, միևնույն է՝ նրան դիտել որպես փախստական:
Այստեղ քաղաքական աստառ կա: Ցանկացած պետություն գիտի, որ եթե իր քաղաքացիների հանդեպ զինված ուժերով բռնություն են գործադրում, ապա այդ երկիրը պետք է պաշտպանի իր քաղաքացիներին: Եվ քանի որ Հայաստանի օրվա իշխանությունը հրաժարվել է դրանից, ճիշտ է գտել ջնջել այն, ինչը տեղի է ունեցել, այն է՝ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը հայտարարել, որ դրանք ընդամենը ճամփորդական են:
ՀՀ-ն պարտավոր է ընդունել երկու լրացում այդ կարգավիճակին՝ այն է արցախցիները մեր հայրենակիցներն են, ուղղակի բաժանված, երկրորդը նրանք Ցեղասպանությունը վերապրած անձինք են: Միջազգային տարածում ունի մի այսպիսի արտահայտություն՝ Genocide survivor, այսինքն Ցեղասպանությունը վերապրած անձինք: Այսօր էլ ուշ չէ դա անելու համար: Ճիշտ է՝ տարբերակված մոտեցում են փորձում ցուցաբերել, բայց դա բավարար չէ:
-Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված քայլերը, արդյո՞ք դրանք բավարար են:
-Միջազգային ասպարեզում խոսելիս պետք է հասկանալ, թե Հայաստանը ինչով է դիմել, Հայաստանն անընդհատ դիմում է մի հարցով՝ այն է հումանիտար այսպես կոչված աղետի առումով, ոչ թե անկախությունը, ինքնորոշման իրավունքի ոտնահարումը և ցեղասպանական գործողություններով բռնի տեղահանումը: Միշտ հումանիտար աղետն էր շեշտում և ստանում էր պատասխանը, որ առ ոչինչ էր Ադրբեջանի համար: Պրակտիկան էլ ցույց է տալիս, որ այդպիսի որոշումները ոչ մի ազդեցություն չեն թողնում ագրեսիվ տրամադրված կողմերի նկատմամբ:
Կարծում եմ, որ միջազգային հանրությունը, նախապես, առանց չափազանցության, հանցավոր համաձայնության է եկել, որ Ադրբեջանի միջոցով ստեղծեն նոր նախադեպ, այն է՝ ինքնորոշման իրավունքի համար պայքարողներին կամ ազգային ազատագրական շարժումները հավասարեցնեն տեռորիզմին: Այն, որ ութ անձնավորություն հիմա գտնվում է այնտեղ և Ալիևը հոխորտում է,որ ոչ մի ներում չի լինելու, դրան է բերում: Միջազգային հանրության համար էլ դա առ ոչինչ է: Մենք պետք է ավելի ակտիվ, ճիշտ խոսքը ասողը լինենք, այլ ոչ թե իրականությունը շրջանցողը:
-Իսկ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն արցախցիների սեփականության իրավունքը պաշտպանելու համար:
-Ադրբեջանը նոր օրենք է ընդունել, որ նրանք, ովքեր մասնակցել են «տեռորիսական գործողություներին ու սեպարատիստական շարժմանը», նրանց սեփականությունը կարող է բռնազավթվել: Նրանք շատ արագ են գործում և վերին աստիճանի հետևողական: Դրա համար ես կարծում եմ, որ այն միջոցները, որոնք այսօր ձեռնարկում են ՀՀ իշխանությունները, բացարձակապես համարժեք չեն այս մարտահրավերներին:
-Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն արցախցիների բարբառը, սովորությունները պահպանելու ուղղությամբ:
-Այսօր դրա մասին են ավելի շատ խոսում որպես հումանիտար աղետ: Դա պետք է միշտ լինի: Կներեք Ամերիկայի հնդկացիները, ովքեր ողջ են մնացել, մինչև այսօր պահպանում են իրենց սովորույթները: Շեշտը պետք է դնել նրա վրա, որ արցախցիների վերադարձն Արցախ զուտ պայմանավորված է մի բանով, որ միջազգային հանրության կողմից ճանաչվի հանուն Ցեղասպանությունից փրկվելու Արցախի Հանրապետության անկախությունը:
Այս առումով անգամ այն որոշումը, որ Արցախի նախագահն ասում է լեգիտիմ չէ և իրավական հետևանքներ չպետք է ծնի, չպետք է մեզ համար դառնա անընդհատ հնչեցվող պատնեշ: Դա ընդամենը միջոց էր՝ փրկելու 100 հազարից ավելի մարդկանց: Այստեղ սարուձոր ընկել պետք չէ:
Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի