Արդարադատության նախարարությունը «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է փաստաբանների համար դատարան մուտք գործելու դրեսկոդ սահմանել, տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:
Ըստ նախագծի՝ հագուստի ձևը սահմանելու լիազորությունը տրվում է Փաստաբանների պալատի խորհրդին։ Եվ եթե փաստաբանը չպահպանի ՓՊ խորհրդի որոշմամբ սահմանված նորմերը, նրա նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել։
«Հրապարակ»-ի հետ զրույցում փաստաբաններից մեկն ասել է, որ այսպիսի հարց փաստաբանների շրջանում նախկինում էլ է քննարկվել, սակայն միասնական մոտեցում չի եղել։ Մեկ այլ փաստաբան թերթին հայտնել է, որ դեռ պարզ չէ՝ համազգե՞ստ է սահմանվելու, թե՞ պարզապես արգելվելու է բոթասներով ու սվիտերով դատարան մտնելը:
Ըստ նրա՝ պատմուճանի տարբերակն էլ է քննարկվել նախկինում, ինչպես Ֆրանսիայում են փաստաբանները պատմուճան կրում, որը ե՛ւ որպես հարգանք կդիտարկվի փաստաբանական ինստիտուտի նկատմամբ, ե՛ւ թույլ չի տա, որ փաստաբանն ու նրա վստահորդը հանրության աչքում նույնականացվեն։