Գերիների այս խմբի վերադարձից հետո Բաքվում շարունակելու են մնալ հայ ռազմագերիներ, և Հայաստանը շարունակելու է աշխատանքները, որպեսզի նրանք ևս վերադառնան, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ Երևանի ու Բաքվի միջև վստահության ամրապնդման միջոցառումների մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նրա խոսքով՝ Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների տեմպի ավելացումը ևս փոխվստահության ապահովման միջոցառում է։ «Կան օրակարգային մի շարք այլ հարցեր, որոնք ամիսներ, տարիներ շարունակ քննարկվում են,Հայաստանը պատրաստ է շարունակել քննարկումներն այլ միջոցառումենրի շուրջ»,- շեշտել է պատգամավորը։
Խանդանյանը դժվարացել է մատնանշել հաջորդ կոնկրետ քայլերի մասին։
«Այս բանակցությունները կոնկրետ հարցի շուրջ էին և կոնկրետ հարցի շուրջ համաձայնության ենք եկել»,- հայտարարել է պատգամավորը՝ ավելացնելով, որ պատրաստ են շարունակել բանակցությունները հումանիտար և այլ հարցերի շուրջ։
Երևանն ու Բաքուն դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորականի, իսկ հայկական կողմն, իր հերթին, երկու ադրբեջանցի զինվորականի։ Նշվում էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում