Դեկտեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Հայաստան վերադարձած 32 զինվորականներն այս պահին բուժզննում են անցնում «Մուրացան» զինվորական հոսպիտալում։ Հոսպիտալի դիմաց հավաքված ծնողներն սպասում են իրենց հերթին՝ տեսակցելու 3 տարի գերության մեջ գտնված իրենց զավակներին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ տղաները լավ են, նրանց հետ ամեն բան կարգին է։
«Տղերքը լավ են, ամեն ինչ նորմալ է։ Ամեն ընտանիքից կարող է մտնել մեկ հոգի, 5 րոպեով տեսնել և դուրս գալ։ Գործընթացներ են իրականացվում, տղաներին ստուգում են։ Երբ ամեն ինչ ավարտվի՝ կկազմակերպենք, բոլորդ կմտնեք»,- ասել է պատգամավորը՝ հավելելով․ «Հայրը ձիգ է, կդիմանա, թող մայրը մտնի»:
Նշենք, որ վերադարձած գերիներից 26-ը Շիրակի մարզից են։ «Մուրացան» հոսպիտալ նրանց տեսակցելու է եկել նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։