ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել գործել ԱՄՆ արժույթի վերահսկիչ Մայքլ Հսուին՝ հետաքննելու Citibank-ի և այլ բանկերի խտրական քաղաքականությունն ամերիկահայերի նկատմամբ, հայտնել է նա X-ում (նախկին Twitter):
«Չնայած ԱՄՆ Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոն (CFPB) Citigroup-ին պարտավորեցրել է վճարել 24,5 միլիոն դոլար տուգանք և 1,4 միլիոն դոլար, որը կվերադարձվի տուժած սպառողներին, մենք պետք է ապահովենք, որ բավարար կարգավորիչ գործիքներ լինեն՝ կանխելու այս տեսակի խտրականության կրկնությունը»,- ասվում է նամակում։
Շիֆը Հսուին խնդրել է հաշվետվություն ներկայացնել այն մասին, թե արդյոք այլ ֆինանսական հաստատություններ ձեռնարկել են նմանատիպ խտրական գործողություններ հայ կամ այլ էթնիկ համայնքների նկատմամբ, ինչպես նաև խտրական սխեմաներում ներգրավված աշխատակիցների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Կոնգրեսականը նաև հարցրել է ԱՄՆ արժույթի վերահսկիչ գրասենյակի կողմից Citigroup Inc-ին լիարժեք պատասխանատվության ենթարկելու լրացուցիչ միջոցների մասին՝ չնայած հայազգի տուժածներին տույժեր վճարելու բանկի համաձայնությանը։
Հսուին ուղղված նամակը Շիֆի հետ ստորագրել են կոնգրեսականներ Ջիմ Կոստան, Սալուդ Կարբաջալը, Հեյլի Սթիվենսը, Զոի Լոֆգրենը, Քեթի Փորթերը, Թոնի Կարդենասը, Մայք Լևինը, Ջուդի Չուն, Աննա Էշուն և Ռաջա Կրիշնամուրթին։
Նոյեմբերին ամերիկյան Citigroup Inc բանկը համաձայնել էր վճարել 25,9 մլն ԱՄՆ դոլար՝ ամերիկահայերի նկատմամբ վարկային քարտեր տրամադրելիս խտրականություն ցուցաբերելու համար: Ըստ CFPB-ի՝ 2015-ից 2021 թվականներին Citigroup-ի մենեջերները աշխատակիցներին հրահանգել են կարծրատիպային մոտեցումներ, որոնցով հայկական ծագմամբ, «յան»-ով վերջացող ազգանուններով մարդկանց կասկածում էին խարդախություն գործելու մեջ: